Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խորին շնորհակալություն ՀՀ նախագահին

Խորին շնորհակալություն ՀՀ նախագահին
22.09.2015 | 11:14

Չեք լսում, էլի, նախագահի խոսքը չեք լսում: Պաշտոնապես ի լուր հանրության երեկ հայտարարվեց, որ «Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է»։ Խորհրդանիշը: Իսկ քանի՞ խորհրդանիշ է գործում: Նույն օրը Աբովյանի վրա ծեծվեց Սմբատ Հակոբյանը, վաստակավոր դարձավ Արմենչիկը: Նաև՝ Էռնա Յուզբաշյանը: Ինչո՞ւ չենք ուրախանում Էռնա Յուզբաշյանի համար, աղմկում ենք Արմենչիկի համար: Ինչո՞ւ արդեն այսօր առավոտյան քրեական գործ հարուցված չէր ու ազատամարտիկին ծեծած անձինք ձերբակալված չէին, եթե Սմբատ Հակոբյանը նրանց դեմքերը տեսել է ու գիտակցությունը տեղն է, որ հայտնի: Նույն օրը եթե Էռնա Յուզբաշյանի ու Արմենչիկի համերգը լինի, ո՞ր դահլիճում ավելի շատ մարդ կհավաքվի: Չկա, արվեստի խնդիր չկա, չափանիշի խնդիր չկա: Չկա արժանավորի ու անարժանի խնդիր: Կա քաղաքական՝ հասարակության բոլոր հատվածների պահանջները բավարարելու խնդիր: Հնարավորինս: Ինչպիսին մենք ենք, այնպիսին մեր պարգևատրվածները, շնորհվածներն ու աստիճանավորվածներն են: Ինչո՞ւ Արմենչիկին համարյա երկու հարյուր հոգուց դուրս եք դնում, նա էլ մեր մի մասն է՝ չե՞ք ընդունում, հիշեք նրանց, ովքեր լավ էլ ախորժակով ուտում-խմում, տաշով-տուշով պարում են ու հագուկապը տեղը՝ գնում են նրա համերգներին: Վերջապես՝ ինչո՞վ է Արմենչիկը Թաթա Սիմոնյանից պակաս: Սա հայելի է՝ հասարակության առաջ դրած, որտեղ արտացոլվում է ամեն ինչ: Ավելի հստակ, ավելի պարզ ու ավելի ցավոտ հայելի, քան քաղաքական գործիչների բոլոր ելույթները իրար գումարած, որովհետև սա գործողություն է, իսկ նրանցը խոսքն է, որի արժեքը շրիշակից չի բարձրանում: Իսկ չի բարձրանում, որովհետև խոսքերը վեր են տանում, գործերը՝ վար են բերում:

Արմենչիկի որևէ երգ երեսուն վայրկյանից ավելի չեմ լսել, հետո ի՞նչ, ես չեմ լսում, հարյուրավորները խենթանում են նրա համար: Որովհետև այլընտրանք չունեն, եղած այլընտրանքը մերժում են, իրենց հոգեհարազատը հենց Արմենչիկի որակն ու մակարդակն է, ավելի ճիշտ՝ անորակությունն ու անմակարդակությունը: Իսկ ի՞նչ էիք ուզում: Դպրոցից կյանք ու կյանքի նշանակալից իրադարձություններ դա է նրանց ուղեկցել: «Վա՛խ»-ի ու «վյախկի» միջև ապրող սերունդներ են մեծացել, նրանք էլ քաղաքականություն են թելադրում: Պարոնյանի՞ թատրոնը շատ հանդիսատես ունի, թե՞ Սունդուկյանի: Արդեն չեմ ասում՝ օպերան: Այնպես որ՝ հենց էլ շնորհակալություն ՀՀ նախագահին, որ սահմանադրական բարեփոխումների բարդ գործընթացում անգամ չի զլանում հայելի դնել հասարակության առաջ ու իր դեմքը՝ իրական դեմքը ցույց տալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ավելի արժանավորները թող հերթ կանգնեն, հերթական սեպտեմբերի 21-ին նրանց էլ ինչ-որ պարգև կհասնի: Թե արմենչիկները, թե նրանք, ում հոգում Աստված լույս է ամբարել՝ մարդկանց փոխանցելու համար: Թեև նրանց սովորաբար չեն տեսնում ու չեն գնահատում ոչ սեպտեմբերին, ոչ այլ ամիսների, ոչ էլ հետմահու:

Դիտվել է՝ 1719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ